ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ո՛չ մեկի սրտով էլ չէ

Ո՛չ մեկի սրտով էլ չէ
06.03.2009 | 00:00

ԻՆԵՐՑԻԱՅԻ ՕՐԵՆՔՈՎ
ԱԺ մեծամասնության ցանկությունն ապագա քաղաքապետի առնչությամբ երեկ ժամանակավորապես իրականություն դարձավ։ Պնդումների հիմնավորվածությունը, թե դրանով Գագիկ Բեգլարյանի ընտրվելու հավանականությունը կմեծանա, կերևա ավագանու առաջիկա ընտրություններին։
Այն ժամանակ, երբ կոալիցիոն մյուս կուսակցությունները դեռ մտորում են, թե ով պետք է գլխավորի իրենց ցուցակը, ՀՀԿ-ն անցնում է գործնական քայլերի։ Բայց ինչքանո՞վ է նպատակահարմար ընտրությունից ընդամենը երկուսուկես ամիս առաջ նոր քաղաքապետ նշանակելը, և արդյոք այս քայլով ՀՀԿ թեկնածուն առավել արտոնյալ վիճակում չի՞ հայտնվում։ Այս հարցերն ուղղեցինք ՀՀԿ կոալիցիոն գործընկերներին ու նաև խորհրդարանի միակ ընդդիմադիր ուժի ներկայացուցչին։ «Նպատակահարմարությունն իրենք են որոշել։ Լինելով կոալիցիոն գործընկեր, մենք հանդես ենք գալիս որպես մրցակից ուժ, իսկ գնահատական տալ՝ մրցակիցդ ճիշտ, թե սխալ քայլ է արել, նպատակահարմար չեմ համարում։ Իրենք այդպես են ցանկացել, և եթե դրա հետ կապված ասելիք ունենանք, կասենք նախընտրական շրջանում»,- ընդգծեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ՝ միաժամանակ հավելելով, որ քայլի նպատակահարմարության մասին պետք է հարցնել հենց ՀՀԿ-ին։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆՆ ընդհանրապես չցանկացավ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել ու որևէ գնահատական տալ՝ նախընտրելով խոսել քաղաքապետի ընտրության առնչությամբ ձեռնարկած իրենց քայլերի մասին։ «ԲՀԿ-ն նախապատրաստում է իր համամասնական ցուցակն ընտրություններին գնալու համար։ Մենք մասնակցելու ենք ընտրություններին և շուտով կհրապարակենք ցուցակի առաջին երեք անունները»,- շեշտեց Սաֆարյանը՝ վերստին գնահատականների վերաբերյալ նախընտրելով խոսել քարոզարշավի ժամանակ։
Կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ն էլ, ի դեմս խմբակցության քարտուղար ԱՐԾՐՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ, անիմաստ համարեց ՀՀԿ-ի «որոշելիքի հարցը» քննարկել։ «Դա ԱԺ մեծամասնության որոշումն է, և եթե նրանք հարմար են գտել, մենք, որպես կոալիցիայի անդամ, այն պարզապես ընդունում ենք ի գիտություն»,- նշեց Աղաջանյանը։ «Արդյոք ՀՀԿ-ի թեկնածուն արտոնյալ վիճակում չի՞ հայտնվում» դիտարկմանն էլ ի պատասխան ՕԵԿ-ական պատգամավորն ասաց. «Մեր բնակչությունը վերջին տարիներին այնքան ակտիվ է մասնակցություն ունենում քաղաքական գործընթացներին, որ, կարծում եմ, արդեն որոշակի լծակների օգտագործումն այլևս չունի այն նշանակությունը, ինչ նախկինում էր»։
Այսուհանդերձ, թեև կոալիցիոն գործընկերները, որոնք հուշագրով իրար «կապած-կապկպած» են, չցանկացան իրենց քաղաքական գործընկերոջ քայլին որևէ թթու, կծու, դառը կամ այլ «համի» խոսք ասել, ակնհայտ էր, սակայն, որ այս քայլը նրանցից ոչ մեկի սրտով չէր, քանի որ նոր քաղաքապետի նշանակումը ոչ միայն հոգեբանական ճնշման, այլև իշխանական լծակների օգտագործման և ընտրություններն ուղղորդելու գործոններ են։
Հաջորդ գործոնը ճիշտ մատնանշեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ. «Այսօր իշխանությունները խուճապի մեջ են, որն ունի իր հիմքերը։ Իսկ հիմքերը գալիս են դեռևս անցյալ տարվա նախագահական ընտրություններից, երբ կառավարությունը ղեկավարած Սերժ Սարգսյանը մեկ տարի հետո ոչ օրինական ընտրություններով դարձավ նախագահ։ Մինչ այդ մենք ունեինք նաև այլ նախադեպ, երբ պաշտպանության նախարարը դարձավ վարչապետ ու օգտագործեց բոլոր լծակները՝ նախագահ դառնալու համար։ Հիմա այս իներցիան է գործում, ու նույն բանն է կատարվում։ Այն մարդը, որը պետք է ապագայում ենթադրաբար քաղաքապետ դառնա, չնայած խիստ կասկածում եմ, որ Գագիկ Բեգլարյանը հաղթի այս ընտրություններում, պետք է ունենա լծակներ, ռեսուրսներ, որպեսզի կարողանա այդ մրցավազքում հաղթել»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3168

Մեկնաբանություններ